Վիքին սիրում է Հուշարձաններ․ Հայաստանը 6-րդ տեղում է 53 երկրների շարքում

Վիքիմեդիա Հայաստան-ից


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքին Սիրում է Հուշարձաններ․ Հայաստանը 6֊րդ տեղում է 53 երկրների շարքում


(English version)

WLM logo am.svg


Կոնտակտներ՝
Վաչագան Ղռաթյան, Հեռ.՝ +374 55 822 445
Ալեքսեյ Չալաբյան, Հեռ.՝ +374 91 312 744
Մհեր Բեքարյան, Հեռ.՝ +374 55 660 119
Էլ. փոստ՝ info@wikimedia.am
Կայք․ www.wikimedia.am, www.wikilovesmonuments.am


2013թ. Սեպտեմբերի 20
ք. Երևան


«Վիքին Սիրում է Հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170.000 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից ավելի քան 10.000-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են․ այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 6֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27.000 լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22.000 լուսանկարով։ Մրցույթը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։


Հայաստանը երեք շաբաթվա ընթացքում 130 մասնակից է ունեցել։ Նրանցից մեկը՝ Արփինե Անդրեասյանը, նշում է, որ իրեն միշտ մտահոգում էր համացանցում հայկական մշակույթի ներկայացվածության աղքատությունը։ «Սա լավ հնարավորություն է՝ թեկուզ կազմակերպչական առումով համալրելու այդ բոլորը, կենտրոնացնելու ուշագրավ վայրում», կարծում է նա։ Արփինեն հիմնականում Վիքիպահեստ է բեռնում այն լուսանկարները, որոնք արել է նախկինում Հայաստանում շրջելու ընթացքում։ Մրցույթի մեկ այլ մասնակից՝ Արման Մուսիկյանը, սկսել է ճամփորդել հատկապես մրցույթին մասնակցելու համար։ «Պարզեցի, որ լուսանկարելը շատ հետաքրքիր և սպորտային զբաղմունք է։ Սպորտային, որովհետև հուշարձաններ որոնելու ժամանակ ոտքով բավականին երկար ճանապարհ ես կտրում, հարկ եղած դեպքում նույնիսկ բարձրանում ժայռեր, ինչպիսին է օրինակ Հաղպատի Կայան բերդը։»,― նշում է նա։


Արմանի կարծիքով մրցույթը սպորտային է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր լուսանկարների քանակով գերազանցել մյուսներին։ Արմանն ինքը շուրջ երեք հազար լուսանկար է արդեն բեռնել և դեռ շարունակում է ճամփորդել Հայաստանով ու լուսանկարել։


Մրցույթի մասնակիցներին խրախուսելու համար, հայաստանյան կազմակերպիչները ֆոտոզբոսանքներ են կազմակերպել Երևանում, Գորիսում, Շուշիում և Վանաձորում։ Այս միջոցառումների մասնակիցները փոքր խմբերով շրջում են իրենց քաղաքում, լուսանկարում պատմաճարտարապետական հուշարձաններ, ապա դրանք միասին բեռնում Վիքիպահեստ։ Վերջին ֆոտոզբոսանքը տեղի է ունենալու սեպտեմբերի 29֊ին՝ Գյումրիում։


«Վիքին Սիրում է Հուշարձաններ» մրցույթի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո մասնակից յուրաքանչյուր երկրում տեղական ժյուրին ընտրելու է այդ երկրի հաղթողներին, իսկ միջազգային ժյուրին այդ հաղթողների միջից ընտրելու է միջազգային հաղթողներին։ Կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստնյան մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ, սակայն իրենք դեռ չեն որոշել, թե կոնկրետ ինչ մրցանակներ են տալու հաղթողներին։ Հայտնի է սակայն, թե ինչ մրցանակ է ստանալու միջազգային հաղթողը․ ուղևորություն Լոնդոն՝ «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։


«Վիքին սիրում է հուշարձաններ»-ը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Այն ամեն տարի անց է կացվում սեպտեմբերի 1-30֊ը։ Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ։ «Վիքին սիրում է հուշարձաններ»-ի հայաստնյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» հկ֊ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։ Մրցանակային ֆոնդի աջակիցն է «Վիքիմեդիա Հիմնադրամը»։




Բեռնված լուսանկարների օրինակներ

Խաչքար, Գեղամավան (բեռնող՝ Մելքոն Մինասյան)
Խանի պալատ, խոյակ, Շուշի (բեռնող՝ Gor1996)
Մայր Հայաստան, Երևան (բեռնող՝ Anoush)
Օպերայի շենքը գիշերով, Երևան (բեռնող՝ Antimion)
Խորաքանդակ, Մակարավանք (բեռնող՝ Викиваче)
Արշակունյաց թագավորների դամբարան (բեռնող՝ Volodya G.)
Արցախյան պատերազմում զոհված կապանցիների գերեզմանոց (բեռնող՝ AniKapan)
Տեղերի վանական համալիրի պարիսպը (բեռնող՝ AniKapan)
Գերեզմանոց Սուրբ Աստվածածին Եկեղեցու շրջակայքում (բեռնող՝ Amanoukian)
Սյունասրահ Վահանավանքում, Կապան (բեռնող՝ AniKapan)
Հունան Ավետիսյանի հուշարձան (բեռնող՝ AniKapan)
Գերեզմանաքար Գորիսի հին գերեզմանատանը (բեռնող՝ Beko)
Եկեղեցի Սբ. Թադևոս, Խնձորեսկ (բեռնող՝ H-dayan)
Բնակելի տուն Գորիսում (բեռնող՝ Anita1925)
Ակսել Բակունցի տուն֊թանգարան, Գորիս (բեռնող՝ Dkyarunts)
Բնակելի տուն, Շուշի, Նժդեհի փողոց (բեռնող՝ Tamar.Mari.Harutyunyan)
Ս. Ամենափրկիչ, 5 դ., Մաստարա (բեռնող՝ Armen Manukov)
Ալեքսանդրապոլ քաղաքի հուշակոթողը, Գյումրի (բեռնող՝ Arman musikyan)