Մամլո հաղորդագրություն 2013 օգոստոսի 2

Վիքիմեդիա Հայաստան-ից


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոնտակտ՝
Սուսաննա Մկրտչյան
Հասցե՝ Պարույր Սևակի 1
Հեռ.՝ +374 10 281980
Էլ. փոստ՝ info@wikimedia.am
Կայք․ www.wikimedia.am


2013թ. Օգոստոսի 1
ք. Երևան



ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ


2013 թ. օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենալու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (www.wikimedia.am) հիմնադրմանը, կատարած աշխատանքներին ու ծրագրերին նվիրված մամլո ասուլիս։

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նպատակն է նպաստել տեղեկատվական հասարակության ձևավորմանը՝ ներգրավելով հասարակության լայն շերտերին Վիքիմեդիա նախագծերի (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր և այլն) հարստացման գործում։ Կազմակերպության գործունեությունը ներառում է՝ քարոզչություն, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։


«Վիքիմեդիա Հայաստանը» սերտորեն համագործակցում է «Վիքիմեդիա Հիմնադրամի» հետ և աշխարհում գոյություն ունեցող քառասուն տեղական Վիքիմեդիա կազմակերպություններից մեկն է։

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հիմնադրումը Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների նախաձեռնության արդյունքն է։ Կազմակերպության հիմնադրմանը նախորդող տարիներին պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, 2012 թ. սեպտեմբերին կազմակերպվել է առաջին միջազգային Վիքիկոնֆերանսը Հայաստանում: Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների ջանքերի շնորհիվ 2013թ. մարտի 18-ին «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, որով թույլատրվել է «համայնապատկերի ազատությունը»։


Այս տարի ևս նախատեսվում է անցկացնել հետևյալ երկու խոշոր միջոցառումները.

  • Վիքիկոնֆերանս Երևան. 2013 կոնֆերանսը (conference2013.wikimedia.am) այս տարի կազմակերպվում է երկրորդ անգամ։ Կոնֆերանսի թեմատիկ ուղղություներից են․ Վիքիմեդիա նախագծերի հայերեն բովանդակության զարգմացման միտումները և խնդիրները, Մեդիավիքի ծրագրային գործիքները, համագործակցությունը մշակութային և կրթական հաստատությունների հետ։
  • Վիքին սիրում է հուշարձաններ համաշխարհային լուսանկարչական մրցույթ է, որին Հայաստանն այս տարի միանում է առաջին անգամ (www.wikilovesmonuments.am)։ Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում Վիքիմեդիա կայքում տեղադրում են հուշարձանների լուսանկարներ։ Հոկտեմբերին Երևանում կանցկացվի մրցանակաբաշխություն, որի հաղթողները նոյեմբերին կմասնակցեն միջազգային մրցանակաբաշխությանը։


«Վիքիմեդիա Հայաստանի» առաջիկա ծրագրերն ուղղված են Վիքի նախագծերում հայերեն բովանդակության թե՛ քանակական և թե՛ որակական զարգացմանը։ Այս նպատակը կյանքի կոչելու համար կազմակերպությունն ակնկալում է համագործակցություն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի կրթության, գիտության, մշակույթի, մեդիա, գործարար և այլ գործիչների, ինչպես նաև շահագրգիռ կառույցների հետ։

Ավելի հանգամանալի անդրադարձ այս ամենի մասին մամլո ասուլիսի ընթացքում կներկայացնեն Սուսաննա Մկրտչյանը (Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ) և Վաչագան Ղռաթյանը (Խորհրդի անդամ)։

Ասուլիսին ներկա կլինեն նաև Խորհրդի այլ անդամներ և Վիքիպեդիայի ակտիվ խմբագրողներ։