Հայաստանը մասնակցում է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթին

Վիքիմեդիա Հայաստան-ից


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

WLM logo am.svg


Կոնտակտներ՝
Սուսաննա Մկրտչյան Հեռ.՝ +374 93 924914
Էլ. փոստ՝ info@wikimedia.am
Կայք․ www.wikimedia.am, www.wikilovesmonuments.am


2013թ. Օգոստոսի 30
ք. Երևան




Հայաստանը մասնակցում է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթին



Սեպտեմբերի 1-ին 50 երկրներում մեկնարկում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցույթը, որն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը։ Այս տարի սպասվում է, որ այդ թիվը էլի ավելի կաճի։


Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին։ Մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։


Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Կարելի է մասնակցել ինչպես սեպտեմբերի ընթացքում արված լուսանկարներով, այնպես էլ նախկինում արված լուսանկարներով։ Մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.wikilovesmonuments.am կայքից։


Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում լուսանկարներ են բեռնում Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկների և տեսաձայնային նյութերի շտեմարան (http://commons.wikimedia.org/)։ Վիքիպահեստի շուրջ 18 միլոն մեդիաֆայլերը ազատ արտոնագրով են, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրանք ազատորեն օգտագործել, տարածել և ձևափոխել թե՛ Վիքիպեդիայում, թե՛ ցանկացած այլ տեղ, այդ թվում համացանցից դուրս, օրինակ դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, ԶԼՄ-ներում, համակարգչային ծրագրերում և այլն։


Աշխարհում միլիոնավոր հուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտոնագրով։ Մրցույթի կազմակերպիչների և մասնակիցների ցանկությունն այդ բացը լրացնելն է։ Միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանի գնահատմամբ այս պահին Հայաստանի հուշարձանների հազիվ 1%-ի լուսանկարները կարելի է գտնել Վիքիպահեստում, «Այն էլ մեծ մասամբ միջակ որակի, ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել»։


Մրցույթի նախապատրաստման ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում են տեղադրվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25.000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք և լուսանկարել։


Միջոցառման կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը գտնում է, որ մրցույթը «հետաքրքիր է, արկածային և օգտակար»։ «Վերցնում ես ֆոտոխցիկ կամ պարզապես բջջային հեռախոս, ճանապարհ ես ընկնում, լուսանկարում բացահայտածդ հուշարձանները և բեռնում Վիքիպահեստ։ Քո շնորհիվ հիմա ամբողջ աշխարհը կարող է ճանաչել այդ հուշարձանը»։


Այսպիսով, հուշարձաններ «թվայնացնելու» և ազատ բովանդակություն ստեղծելու շնորհիվ միջոցառումն մեծ կարևորություն ունի Հայաստանը և հայկական մշակույթն ողջ աշխարհին ներկայացնելու գործում։ Բացի այդ շատերի համար այն առիթ է սովորելու ավելացնել նյութեր Վիքիմեդիա նախագծերում։


Մասնակիցներին աջակցելու և խրախուսելու համար սեպտեմբեր ամսվա ընթացքում «ֆոտոզբոսանքներ» են նախատեսվում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Շուշիում։ «Շատերը գաղափար չունեն, թե ինչպես կարելի է նկար տեղադրել Վիքիպահեստում։ Մենք կօգնենք նրանց։ Բացի այդ, կարծում ենք, շատ ավելի հետաքրքիր է ֆոտոզբոսանքից հետո միասին նկարները բեռնելը։»


Մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի։ Բացի այդ, առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։


Լավագույն 10 լուսանկարները անցնելու են միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ։


«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմկերպությունը ստեղծվել է 2013 թվականին։ Այն նպատակ ունի աջակցել և խթանել Վիքիմեդիա նախագծերի զարգացումը Հայաստանում։